Օբաման Եթովպիայում «հանդիպել է» 3.2 մլն տարեկան Լյուսիին (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Եթովպիա կատարած պաշոտնական այցի շրջանակներում «ծանոթացել է» համայն մարդկության նախատատի` 3.2 մլն տարվա պատմություն ունեցող Լյուսիի հետ:
Ինչպես նշում է The Guardian-ը, Եթովպիային Ազգային թանգարանում պահվող Լյուսին համարվում է նախամարդու` առայսօր հայտնաբերված ամենաամբողջական կմախքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հատուկ Օբամայի այցի կապակցությամբ Լյուսին տեղափոխվել է Եթովպիայի նախագահական պալատ, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը բացառիկ հնարավորություն է ունեցել դիպչելու Լյուսիի մնացորդներին:
«Փաստորեն Լյուսին դեպի հոմոսապիենսը տանող շղթայի մի մասն է: Հետաքրքիր է` քանի՞ օղակ է բաժանում Լյուսիին հոմո սափիենսից»,-հարցրել է Օբաման թանգարանի գլխավոր համակարգողից: Վերջինը պատասխանել է, որ «այդ օղակները բազմաթիվ են, սակայն ակնհայտ է, որ հոմոսափիենսն առաջացել է Եթովպիայում»:
Աղբյուրը մանրամասնում է, որ Լյուսին ունեցել է շատ փոքր ուղեղ, պրիմիտիվ վերջույթներ, ատամներ և 1 մ հասակ: Այն Եթովպիայի տարածքում հայտնաբերվել է 1974թ.` հնէաբան Դոնալդ Ջոնսոնի կողմից, ով որոշել է կմախքին Լյուսի անունը տալ՝ «Բիթլզ» խմբի Lucy in the Sky with Diamonds երգի պատվին:










