Սոցցանցերում «ընտանեկան դրությունը» նշելն ազդում է իրական հարաբերությունների վրա. հոգեբաններ
Լուսանկարը՝ uncached.com-ի
Հետազոտողները պարզել են, որ այն ակտիվությունը, որով մարդիկ պատմում են իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին սոցկայքերում, ուղղակի կերպով ազդում է հարաբերությունների իրական զարգացման վրա։ Ուսումնասիրությունը ներկայացված է Cyberpsychology, Behavior, and Social Networking ամսագրում։
Ինչպես փոխանցում է Газета-ն՝ հետազոտողները մի քանի ամիս շարունակ հետևել են զույգերի անձնական կյանքին և միաժամանակ վերլուծել նրանց էջերի պարունակությունը Facebook սոցկայքում։ Աշխատանքի արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր լրացնում են «ընտանեկան կարգավիճակ» բաժինը, տեղադրում են համատեղ լուսանկարներ և թողնում են հաղորդագրություններ իրենց զուգընկերոջ էջին, հարաբերություններն ավելի երկար են պահպանում, քան նրանք, ովքեր չեն ցուցադրում իրենց անձնական կյանքը։
Հոդվածի հեղինակները ստացված եզրակացությունները կապում են նրա հետ, որ համացանցում արված հայտարարությունները հետք են թողնում իրական կյանքի վրա։ Համացանցում սեփական հարաբերությունների մասին պատմելով՝ մարդիկ ստեղծում են ինչպես իրենց զուգընկերոջ, այնպես էլ հարաբերությունների որոշակի կերպար, որը հետագայում փոխանցում են իրականություն։ Հենց այդ «մոդելավորումն» էլ օգնում է պահպանել ռոմանտիկ հարաբերությունները, վստահեցնում են հետազոտողները։










