Amnesty International-ը դատապարտել է Կադաֆիի որդուն մահապատժի ենթարկելու դատավճիռը
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է 9 լիբիացիների, այդ թվում՝ Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Կադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին, մահապատժի ենթարկելու վերաբերյալ դատավճիռը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին ասված է Լոնդոնում գործող իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, որը պնդում է, որ Լիբիայի նախկին նախագահի որդու գործը պետք է քննվեր բացառապես Միջազգային քրեական դատարանում:
«Լիբիական իշխանությունները հրաժարվել են Սեյֆ ալ-Իսլամին հանձնել միջազգային դատարանին, ապացուցելու համար, որ իրենք կարող են ազգային մակարդակով արդարադատություն իրականացնել: Սակայն նրանք չեն կարողացել դա անել՝ նրա հանդեպ մի շարք իրավախախտումներ թույլ տալով: Նրանց շարունակում են պահել գաղտնի վայրում և թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանին»,-հայտարարել է Amnesty International կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրեն Ֆիլիպ Յութերը:
Նրա խոսքով՝ իրականությունը պարզելուն օգնելու փոխարեն այդ դատարանն ի ցույց է դրել քրեական արդարադատության համակարգի թուլությունը երկրում, որտեղ չկա մշտական իշխանություն։










