ԱՄՆ դեսպանատանը երեխաների պաշտպանության հարցերով համաժողով է անցկացվել

10:52 • 29.07.15

2015թ. հուլիսի 29-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կազմակերպել է համաժողով ծնողների կողմից երեխաների առևանգման միջազգային խնդիրների, Հաագայի կոնվենցիայի շրջանակում իրականացվող որդեգրումների և երեխաների սեռական շահագործման հարցերի շուրջ, որին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, քննիչներ, փաստաբաններ, պատգամավորներ և հասարակական կազմակերպություններ Հայաստանից:


Ինչպես տեղեկացնում է դեսպանատան մամուլի ծառայությունը, համաժողովի նպատակն էր մեծացնել քննությունների անցկացման, քրեական հետապնդման և դատավարական կարողություններն այնպիսի հանցանքների մասով, որոնցում ներգրավված են անչափահաս տուժողներ, ինչպես նաև մշակել անչափահաս տուժողների պաշտպանության համար անհրաժեշտ օրենքներ ու քննարկել երեխաներին առնչվող ազգային սոցիալական բարեփոխումները:


Հայաստանի պետական ու հասարակական կառույցները բարձր ներկայացուցչական կազմով մասնակցում էին համաժողովին, ինչը փաստում է խնդրի շուրջ Հայաստանի լուրջ ու ծանրակշիռ մոտեցումը: Քննարկումը մեկնարկել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով, ապա մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Համաժողովին մասնակցում էին բարձրաստիճան ներկայացուցիչներ ՀՀ դատական համակարգից, Գլխավոր դատախազությունից, Արդարադատության նախարարությունից  և Քննչական կոմիտեից:


Ողջունելով մասնակիցներին՝ դեսպան Միլսը նշել է, որ համաժողովը երեխաների պաշտպանության  հարցերի շուրջ փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռում, թույլ է տալիս դասեր քաղել միմյանց հաջողություններից ու սխալներից  և գտնել համագործակցության ուղիներ այնպիսի իրավիճակներում, երբ առերեսվում ենք երեխաներին առնչվող դժվարին իրավիճակների հետ:
 

Ընդունելով, որ երեխաների պաշտպանության հարցերում Միացյալ Նահանգներն ու Հայաստանն առաջնորդվում են նույն արժեքներով, նա նկատել է, որ որպես գործընկերներ ջանքերը համատեղելով հնարավոր է այնպես անել, որ հասարակության ամենախոցելի օղակը՝ երեխաները (հայաստանաբնակ և Հայաստանը տարանցող) առավել պաշտպանված լինեն այն անձանցից,  ովքեր փորձում են առևանգել կամ շահագործել երեխաներին՝ օգտվելով նրանց խոցելի իրավիճակից:  Եզրափակելով՝ դեսպան Միլսը գովեստի խոսքեր ասաց   համաժողովի մասնակիցներին,  ովքեր լծված են երեխաների պաշտպանության գործին:


Համաժողովը կազմակերպվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Արդարադատության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության   աջակցությամբ: