64 երկրների հատուկ ծառայությունները կքննարկեն ԻՊ-ի դեմ պայքարի հարցը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցը քննարկելու համար Յարոսլավլում կհավաքվեն 64 երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները, տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Հուլիսի 29-30-ին Յարոսլավլում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության հովանու ներքո տեղի կունենա հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների 14-րդ նիստը՝ աշխարհի 64 երկրների 92 պատվիրակությունների, ինչպես նաև միջազգային 4 կազմակերպությունների մասնակցությամբ»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Օրակարգային թեմաներից մեկը 2018 թվականին Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ընթացքում միջազգային փոխգործակցությանն առնչվող հարցերն են:
Ակնկալվում է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն ահաբեկչությանը հակազդելու գլոբալ համակարգը: Քննարկման ընթացքում խոսվելու է առկա սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, ժամանակակից արձագանքման և միջազգային խոշոր միջոցառումների ընթացքում անվտանգության ապահովման մասին։










