Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը 12 տարվա մեջ առաջին անգամ կայցելի Իրան

09:42 • 29.07.15

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբյուսն այսօր պաշտոնական այցով կժամանի Թեհրան, որտեղ կքննարկի ֆրանս-իրանական հարաբերությունների առանցքային կետերը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, անցած 12 տարվա ընթացքում սա Ֆրանսիայի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցն է Իրան: Հայտնի է, որ Ֆաբյուսը հանդիպելու է երկրի նախագահ Հասան Ռոհանիի, իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի և մի շարք նախարարների հետ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ իրանցի պահպանողականները սուր քննադատության են ենթարկել ֆրանսիացի պաշտոնյային ուղղված հրավերը` կոչ անելով իշխանություններին չեղարկել այն: Նրանց զայրույթի պատճառը Ֆաբյուսի զբաղեցրած կոշտ դիրքորոշումն էր Իրանի և միջնորդ «վեցյակի» միջև միջուկային բանակցությունների ընթացքում:

 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թեհրանի և Արևմուտքի միջև պատմական միջուկային համաձայնություն է կնքվել։