Ւսլամիստները նոր ահաբեկչություններ են նախապատրաստում ԱՄՆ-ում և Եվրոպայում. Պետդեպ

08:47 • 30.07.15

Միացյալ Նահանգները տեղեկատվություն ունի, որը վկայում է այն մասին, որ ծայրահեղական խմբավորումները, ներառյալ՝ «Ալ- Կաիդան» և «Իսլամական պետությունը», նոր ահաբեկչություններ են նախապատրաստում ԱՄՆ-ում և այլ երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում, գրում է korrespondent.net-ը:

 

Այդ մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից չորեքշաբթի օրը տարածված համաշխարհային ահաբեկչական վտանգի մասին թարմացված նախազգուշացման մեջ:

 

Այժմ «մեծանում է հավանականությունը, որ Միացյալ Նահանգների, ինչպես նաև արևմտյան երկրների իր գործընկերների և միջազգային կոալիցիայի անդամների դեմ կձեռնարկվեն ահաբեկիչների պատասխան հարձակումներ», հայտնել է Պետդեպարտամենտը:

 

Պետդեպարտամենտի կարծիքով՝ նման հարձակումներ կարող են տեղի ունենալ «ողջ աշխարհում, հատկապես՝ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում»:

 

«Ծայրահեղականները կարող են օգտագործել սովորական զինատեսակ և զանգվածային ոչնչացման զենք և հարձակումներ գործել՝ նպատակ ունենալով վնաս հասցնել ինչպես պաշտոնական, այնպես էլ մասնավոր շահերին»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

 

«Ստացվող տեղեկությունները վկայում են, որ ԻՊ-ը, «Ալ- Կաիդան», նրանց հետ կապված կազմակերպությունները և այլ ահաբեկչական խմբավորումներ շարունակում են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների շահերի դեմ»,- նախազգուշացրել է Պետդեպարտամենտը: