Մեքսիկայում բեռնատարը բախվել է ուխտավորների խմբին. կա 20 զոհ

10:18 • 30.07.15

Լուսանկարը՝ Reuters-ի 

 

Մեքսիկայի կենտրոնական հատվածում` Սակատեկաս նահանգում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 20 մարդ է մահացել, 36 հոգի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է ТАСС-ը:

 

Ինչպես հայտնել են նահանգի իշխանությունները, չորեքշաբթի օրը՝ տեղի ժամանակով մոտ 19:00-ին, Մասապիլ թաղամասում ավազով բեռնված բեռնատարը մեծ արագությամբ բախվել է ուխտավորների խմբին, որոնք ուղևորվում էին Սուրբ Գրիգոր մայր տաճար:

 

Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, որտեղ նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է տրամադրվում: Մի քան մարդ ծանր վիճակում է:

 

Նախնական տվյալներով՝ բեռնատարի վարորդը գերազանցել է արագությունը և կորցրել ղեկի հսկողությունը: Հայտնի է, որ նա թաքնվել է դեպքի վայրից, այժմ ոստիկանությունը նրան հայտնաբերելու որոնողական աշխատանք է իրականացնում: