Հայտնաբերված Boeing 777-ի թևի հատվածը կարող է մոտ 1 տարի առաջ անհետացած ինքնաթիռի բեկորը լինել

11:38 • 30.07.15

Հնդկական օվկիանոսի Ռեյունիոն կղզու ափին հայտնաբերվել է ինքնաթիռի բեկոր, որն ըստ օդային անվտանգության մասնագետների՝ մեծ հավանականությամբ կարող է Malaysian Airlines ավիաընկերության անհետ կորած MH370 ինքնաթիռի մի հատվածը լինել, գրում է The Independent-ը:

 

Նշվում է, որ Մալայզիայի տրանսպորտի փոխնախարար Աբդուլ Ազիզ Կապրավին հայտարարել է, որ նա «գրեթե համոզված է», որ Հնդկական օվկիանոսի ֆրանսիական Ռեյունիոն կղզու ափին գտնված բեկորները պատկանում են Boeing 777-ին:

 

«Գրեթե հաստատ է, որ այն պատկանում է Boeing 777 ինքնաթիռին: Այդ մասին ինձ ասել է մեր գլխավոր քննիչը»,- հայտարարել է նա:

 

Գտնված բեկորներն ուսումնասիրում են Ավստրալիայի և Ֆրանսիայի իշխանությունները, Մալայզիան մի խումբ փորձագետներ է ուղարկել կղզի:

 

Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը հաստատել է թերթին, որ Ֆրանսիայի իրավապահները դեպքի վայրում են՝ բեկորն ուսումնասիրելու համար:

 

Կուալա Լումպուր- Պեկին չվերթն իրականացնող Boeing-ը, որում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, կորել է ռադարների էկրաններից 2014 թվականի մարտի 8-ին:

 

Ինչպես նշում է թերթը, կղզին բավականաչափ հեռու է գտնվում այն հատվածից, որտեղ մասնագետներն իրականացնում էին կորած ինքնաթիռի որոնումները: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ գտնված բեկորը տարվա ընթացքում տեղաշարժվել է օվկիանոսի հոսանքների կողմից:

 

Հաղորդվում է, որ դեպքի վայրում գտնող ոստիկանությունը, հաշվի առնելով գտնված բեկորի վիճակը, կարծում է, որ հատվածը կարող էր ջրի տակ մնացած լինել մոտ մեկ տարի: