Էմփայր սթեյթ բիլդինգի վրա պատկերել են վտանգի տակ գտնվող կենդանատեսակների (լուսանկարներ,տեսանյութ)
Նյու Յորքի Հինգերորդ ավենյու փողոցում գտնվող Էմփայր Սթեյթ Բիլդինգը (Empire State Building) լուսավորվել է վերացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների պատկերներով, գրում է New York Times թերթը։
Մտահղացումը պատկանում է լուսանկարիչ և ֆիլմարտադրող Լուի Փսիհոյոսին, ով փորձել է ուշադրություն հրավիրել վերացման եզրին գտնվող կենդանատեսակների խնդրին։
Պատկերները ցուցադրելու համար նա օգտագործել է 40 պրոյեկտոր, որոնք ունեն 20.000 լյումեն հզորություն։ Դրանք տեղադրվել են Վեսթ 31 փողոցի շենքի տանիքին։
Պատկերների ցուցադրությունը տևել է 3 ժամ, սկսվել է շաբաթ երեկոյան՝ ժամը 21։00-ին և ավարտվել է կեսգիշերին։ Ցուցադրվել են ընձառյուծների, առյուծների, օձերի, թռչունների, կաթնասունների և ծովային կենդանիների պատկերներ, որոնց շարքն արվեստագետն անվանել է «Նոյան տապան»։
Պատկերները ձգվել են 114 մետր երկարությամբ և 56 մետր լայնությամբ՝ ծածկելով շենքի հարավային հատվածում գտնվող 33 հարկերը։ Դիտարժան տեսարանը դիտել են հարյուրավոր զբոսաշրջիկներ և նյույորքցիներ։

















