Հորդորում եմ Նոր Նորքում տեղակայված 10 ատրակցիոններից չօգտվել. մասնագետ
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսին հորդորեց քաղաքացիներին չօգտվել «Անառիկ բերդաձոր» ՍՊԸ-ի կողմից Նոր Նորք զանգվածի Գայի 14 հասցեում տեղակայված 10 ատրակցիոններից, քանի որ դրանք փորձաքննություն չեն անցել և չունեն համապատասխան եզրակացություն:
«Տասը ատրակցիոն է շահագործվում, հորդորում եմ մեր քաղաքացիներին և բնակիչներին, նշված 10 ատրակցիոններից չօգտվել, երեխաներին չտանել, քանի որ չեն անցել փորձաքննություն»,-ասաց նա:
Թե ինչու չեն անցել, մասնագետը պատասխանեց, թե շահագործողը չի կնքել պայմանագիր կենտրոնի հետ:
Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ փորձաքննությունը վճարովի է և տարբեր ատրակցիոնների համար տարբեր գին է սահմանված՝ կան ատրակցիոններ, որոնց ստուգման արժեքը 10 000 դրամ է, կան այնպիսիք, որ 37 000 է:
Հարցին, թե ինչպես է ստացվում, որ չանցնելով փորձաքննություն, ատրակցիոնը շարունակում է գործել, նա պատասխանեց, թե համապատասխան տեսչություն կա, որը կզբաղվի և ի վերջո կորոշի՝ շահագործել, թե ոչ:
Լուսինե Հովհաննիսյանը նաև նշեց, որ Հայաստանում գրանցված 125 ատրակցիոններից 84-ը բաժին է ընկնում Երևանին, 6 Կոտայքին, 6 Լոռիին, Շիրակում 19, Սյունիքում 8 և Արմավիրում 2-ը:
«Այսօրվա դրությամբ Երևանի 84 ատրակցիոններից 74-ն անցել են փորձաքննություն և ստացել դրական եզրակացություն, բացառությամբ մեկի՝ Կենդանաբանական այգում «Զանգակ» ատրակցիոնը շահագործումից հանվել է»,- ասաց նա:










