Բրյուսելի օդանավակայանի անվտանգության ծառայության անձնակազմը գործադուլ է հայտարարել

11:59 • 03.08.15

Բրյուսելի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության անձնակազմը գործադուլ է սկսել, որի ընթացքում ուղևորների հսկողությունը և ստուգումները կիրականացվեն սովորականից ավելի երկար, գրում է ria.ru-ն:

 

Իրենց ակցիայով գործադուլ անող աշխատակիցները ցանկանում են օդանավակայանի ղեկավարության ուշադրությունը հրավիրել խնդրին, որ Շենգենյան գոտու երկրներ թռչող ուղևորների հսկողության համար տեղադրված անվտանգության նոր պտուտակադռնակները (տուրնիկետ) ամբողջովին հուսալի չեն:

 

Դա, մասնավորապես, հանգեցրել է նրան, որ վերջերս Հռոմ թռած ինքնաթիռում երկու մարդ է հայտնվել, որոնք ոչ մի փաստաթուղթ չեն ունեցել: Ընդհանուր առմամբ, պտուտակադռնակների օգտագործման ընթացքում մոտ 50 տարբեր միջադեպ է գրանցվել:

 

Հաղորդվում է, որ անվտանգության ծառայության անձնակազմի գործադուլը կարող է տևել մի քանի օր:

 

Օդանավակայանի ղեկավարությունը խորհուրդ է տալիս ուղևորներին օդանավակայան ժամանել առնվազն չվերթից երեք ժամ առաջ: Հաշվի առնելով այն, որ այսօր սպասվում են մի քանի տասնյակ հազար ուղևորներ,  գործադուլի պատճառով հերթերն անխուսափելի են։