Իտալական ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել «Կոզա նոստրայի» ղեկավարի մերձավոր շրջապատից

16:05 • 03.08.15

Իտալական ոստիկանությունը Սիցիլիա կղզում 11 մարդու է ձերբակալել «Կոզա նոստրա»-ի ղեկավար Մատեո Մեսինա Դենարոյի մերձավոր շրջապատից: Ձերբակալություններն իրականացվել են Տրապանիում և Պալերմոյում «Հերմես» գործողության ընթացքում, հաղորդում է ТАСС-ը:

 

Ձերբակալվածների թվում է 77-ամյա Վիտո Գոնդոլան, ով քննության տվյալների համաձայն՝ ղեկավարել է «Կոզա նոստրայի» ղեկավարի հաղորդակցական գաղտնի ցանցը:

 

Հաղորդվում է, որ հանցագործները շփվել են միմյանց հետ թղթիկների միջոցով, որոնք թաքցրել են ֆերմաներում՝ գաղտնի վայրերում, և կարդալուց հետո այրել: Դրանց միջոցով Դենարոն հրամաններ է փոխանցել իր ենթականերին: Ոստիկանությունը կասկածում է, որ որոշ ֆերմերներ տեղյակ են եղել այդ մասին և աջակցել են մաֆիոզներին:

 

«Ես շնորհակալ եմ քննիչներին, իրավապահ մարմիններին և պետության բոլոր ներկայացուցիչներին մաֆիոզ կազմակերպությանը հարված հասցնելու համար»,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:

 

Մատեո Մեսինա Դենարոն գլխավորում է Իտալիայի հետախուզվող հանցագործների ցուցակը, նա ավելի քան 20 տարի փախուստի մեջ է: