«Ոչ թալանին»–ը կառավարությանը կոչ է անում խելամիտ որոշում կայացնել
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեցին, թե էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը շարունակվում է և զգուշացրեցին կառավարությանը՝ գիտակցել տրված հնարավորությունը և խելամիտ որոշում կայացնել:
Այսօր հրավիրված ասուլիսին՝ նախաձեռնության համակարգող անդամ Սոֆիա Հովսեփյանը տեղեկացրեց, թե մի շարք նամակներով դիմել եք կառավարությանը, Էներգետիկայի նախարարություն, վարչապետին, ՀԷՑ-ին և մասամբ ստացել են պատասխաններ, որոնք իրենց չեն գոհացնում:
Նա, մասնավորապես անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե օգոստոսի 1-ից հոսանքի թանկացման սուբսիդավորումը կառավարությունը կտրամադրի Որոտանի ՋԷԿ-ի միջոցներից:
«Կա՛մ կառավարությունը լավ չի գիտակցում, կա՛մ էլ վերջին տրված հնարավորությունը ճիշտ չի օգտագործում՝ խելամիտ որոշում կայացնելու համար: Ստացվում է, որ նորից ժողովրդի գրպանից տալիս են 7 դրամի սուբսիդավորմանը: Ժողովուրդը տվել էր վերջ տալու թալանին հնարավորություն, կրկին ժողովրդի գրպանից վերցրին, փակեցին իրենց լափած գումարները, վստահեցնում եմ մեծ արձագանք կունենա»,- զգուշացրեց նա:
Նախաձեռնության աշխատանքային խմբի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը տեղեկացրեց, թե իրենք այս ընթացքում ձևավորել են տարբեր ուղղություններով աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն մասնագետների հետ: Իսկ մինչ այդ նշեց, թե նախաձեռնությունը կհրաժարվի մասնակցել աուդիտ կոչված գործընթացին:
«Բնականաբար, այս մասնագետները կապ չունեն աուդիտի հետ բոլորն էլ ասում են, որ աուդիտի մեջ մտնելն այս պահին անիմաստ է, քանի որ հնարք է»,- ասաց նա և նշեց, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն այս համատեքստում է, թե ուզում են ձևավորել խորհրդատվական հանձնաժողով, որում պետք է ներառվեն նաև միջազգային կառույցներ: Նա վստահ է, որ այդպես ուզում են հիմնավորել, հոսանքի թանկացման անխուսափելիությունը: Մինչդեռ մենք պետք է հիմնավորենք, որ թանկացումը օբյեկտիվ չէ և պետք է տեղի չունենա»,-ասաց նա:
Նա ամեն դեպքում նա ընդգծեց, թե պայքարը, թեև փոքրիկ, բայց արդյունք տվել է: «Փոքր ձեռքբերում է փոխհատուցումը, որ փաստացի թանկացումը չի նպաստի շղթայական թանկացումներին և այդ թանկացումները տեղի չեն ունենա, մենք դա կարձանագրենք պայքարի ձեռքբերումից մեկը, եթե պայքարը չլիներ դա էլ չէինք ունենա»,-ասաց նա:
Նրանք նաև ներկայացրեցին, թե ինչ նամակներ են ուղղել և պահանջել ՀԷՑ-ին՝ համակարգող խմբին ներկայացնել այն 10 ուղղությունները, որոնք կորուստները հասցնում են առավելագույնի, նույն խնդրով դիմել են նաև Երվանդ Զախարյանին, իսկ ՀԾԿՀ-ի դիմում են գրել՝ խնդրելով տրամադրել վերջին 7-8 տարիներին էլեկտրաէներգիայի սակագնի աճի տեմպը և այլն: Սակայն պատասխաններ դեռ չեն ստացել:
Նախաձեռնության անդամները նշեցին, թե իրենք սպառնալիքներ են ստանում, բայց այնպես չէ, որ վախենում են դրանցից և հետ են կանգնելու իրենց քայլերից: Չնայած նաև նշեցին՝ խմբում կան մարդիկ, ովքեր դուրս են եկել՝ տարակարծությունների կամ առողջական խնդիրներից ելնելով:










