Պերմյակովը կկանգնի Հայաստանում ռուսաստանյան դատարանի առաջ. ՏԱՍՍ
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Գյումրիում ռուսաստանցի զինվորի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով դատավարության սկսման ամսաթիվը հայտնի կդառնա առաջիկայում: Գործը արդեն մտել է Երևանում գտնվող ռուսաստանյան կայազորային 5-րդ ռազմական դատարան:
Ըստ աղբյուրի` առաջիկայում կկայանա դատական նիստ, որում կորոշվի մեղադրյալ Պերմյակովին կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման հարցը:
Աղբյուրի հիշեցմամբ` հետաքննության նախնական տվյալներով` ս/թ հունվարի 12-ին Հայաստանում ռուսաստանյան ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ինքնակամ լքել է ծառայությունը, զենքով դուրս եկել Գյումրի քաղաք, ապա ավտոմատով գնդակահարել Ավետիսյանների ընտանիքի քնած 6 անդամներին, վիրավորել մանկանը, որը հետագայում ևս մահացել է հիվանդանոցում:
Պերմյակովը իր մեղավորությունը ընդունել է: Նա կկանգնի ռուսաստանյան դատարանի առաջ, քանի որ ՌԴ-ի քաղաքացի է:










