ԱՄՆ-ն կպաշտպանի Սիրիայի ապստամբներին Ասադի ռեժիմից. The Wall Street Journal

12:12 • 03.08.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լիազորել է օգտագործել երկրի օդուժը Սիրիայում ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող նոր ուժերին պաշտպանելու համար, եթե նրանք հարձակման ենթարկվեն Սիրիայի կառավարական ուժերի կամ այլ խմբերի կողմից, գրում է The Wall Street Journal թերթը՝ հավելելով, որ դա մեծացրել է վտանգը, որ ամերիկյան զորքերն անմիջական հակամարտության մեջ կմտնեն նախագահ Բաշար ալ- Ասադի ուժերի հետ:

 

Սպիտակ տանը թերթի բարձրաստիճան աղբյուրների խոսքերով՝ այդ որոշումը կայացվել է ամիսներ տևած քննարկումներից հետո:

 

Թերթի զրուցակիցները խորը մտահոգություն են հայտնել, որ Պենտագոնի կողմից աջակցություն ստացած ապստամբական խմբավորումների պաշտպանության գաղափարը կարող է հանգեցնել Ասադի կառավարության հետ առաջին բաց հակամարտության:

 

WSJ-ի ռազմական աղբյուրները հայտարարել են, որ Ասադի ուժերի հետ անմիջական հակամարտության հնարավորությունը մեծ չէ, համենայնդեպս՝ մոտ հեռանկարում: Նրանց խոսքերով՝ ապստամբներին պատրաստել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այլ ոչ իշխանամետ զորքերի դեմ պայքարի համար, և նրանք չպետք է հայտնվեն այն գոտիներում, որոնք վերահսկում է Ասադի վարչակազմը: 

 

Reuters-ը հիշեցնում է, որ անցած ուրբաթ ամերիկյան զինվորականների մոտ պատրաստություն անցած ապստամբների առաջին ջոկատը հարձակման է ենթարկվել այլ խմբավորումների կողմից, ինչից հետո ԱՄՆ ռազմաօդային ուժերն օդային հարվածներ են հասցրել հարձակվողների վրա։