10 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կմասնակցի «Տանկային բիաթլոնի» անհատական մրցարշավին

10:13 • 03.08.15

Լուսանկարը՝ furfur.me-ի

 

Մոսկվայի մարզի Ալաբինո պոլիգոնում այսօր կշարունակվեն տանկային անձնակազմերի մրցաշարերը «Տանկային բիաթլոն» մրցույթի «Անհատական մրցարշավ» անվանակարգում, որն անցկացվում է Բանակային միջազգային խաղերի շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

 

«Պայքարի 3-րդ օրը կմասնակցի ընդամենը 10 անձնակազմ՝ Հայաստանից, Վենեսուելայից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Քուվեյթից, Նիկարագուայից, Սերբիայից և Տաջիկստանից տանկիստներ։ Այսօրվա դրությամբ առաջատար դիրքերում են Ռուսաստանի և Սերբիայի անձնակազմերը»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Անհատական մրցարշավի հաղթողներին կորոշեն օգոստոսի 6-ին՝ բոլոր 39 անձնակազմերի ելույթներից հետո։

 

Բանակային միջազգային խաղերը մեկնարկել են օգոստոսի 1-ին։ Միաժամանակ սկսվել է «Տանկային բիաթլոն» մրցույթը, որին մասնակցում են Խաղերի մասնակից 17 պետություններից 13-ը։