Արմավիրում Սիբիրյան խոցի հայտնաբերումից հետո կանխարգելիչ միջոցառումներ են կատարվում

22:45 • 04.08.15

 


ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) օգոստոսի 4-ին առողջապահության նախարարությունից տեղեկատվություն է ստացել, որ Արմավիրի բժշկական կենտրոն է դիմել այնուհետև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել մարզի Արտամեդ համայնքի երկու բնակիչ՝ սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ, տեղեկացնում է ՍԱՊԾ–ն:
 

Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետներն Արմավիրի մարզային կենտրոնի պատասխանատուների հետ անմիջապես այցելել են Արտամեդ համայնք և իրականացված միոցառումների արդյունքում պարզել, որ հոսպիտալացված անձանցից մեկը հուլիսի 27-ին Վրաստանի Նինոծմինդա տարածաշրջանում է ձեռքբերել կասկածելի միսը և անձնական օգտագործման նպատակով իր հետ տեղափոխել հանրապետություն:
 

Մսեղիքը չի վաճառվել, այն հայտնաբերվել է Նինոցմինդայից տեղափոխողի և իր հարևանի տանը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները մսեղիքն ամբողջությամբ ուղարկել են լաբորատոր հետազոտության: Իսկ մսեղիքի հետ սառնարանում պահպանվող կամ շփում ունեցող սննդամթերքն ամբողջությամբ ոչնչացվել է, միաժամանակ՝ տարածքն ու մսեղիքի մշակման պարագաներն ամբողջությամբ ախտահանվել: ՍԱՊԾ մասնագետները շարունակում են մարզում անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումները:
 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մեկ անգամ ևս հորդորում է սպառողներին մսամթերք ձեռք բերել միայն դրա համար նախատեսած իրացման վայրերից և ձեռնպահ մնալ անվստահելի աղբյուրից, առանց անասնաբուժական փաստաթղթերի առկայության կամ բակային պայմաններում միս գնելուց: