Արմավիրում նախնական ախտորոշվել է սիբիրյան խոցի 2 դեպք, նրանք վարակվել են Վրաստանում

21:05 • 04.08.15

Արմավիրի մարզի Արտամետ համայնքի 2 բնակիչ սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ դիմել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

 

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը, hիվանդների մոտ նախնական ախտորոշվել է սիբիրյան խոց, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
 

Կատարվել են նմուշառումներ և ախտորոշման վերջնական հաստատումը պարզ կլինի լաբորատոր հետազոտությունների արդյունքում:
 

Տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդները հուլիսի 24-ին գտնվել են Վրաստանի Նինոծմինդա տարածաշրջանում, որտեղ գնել են միս: Մսեղիքի մշակման արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում հիվանդների ձեռքերի վրա նկատվել են վերքեր, որի կապակցությամբ դիմել են բժշկական օգնության:
 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճշտվել են մսեղիքի հետ առնչություն ունեցած բոլոր անձինք, նրանց նկատմամբ կազմակերպվել է բժշկական հսկողություն, տնային օջախում կազմակերպվել է ախտահանում:
 

Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությանը, որոնց հետ համատեղ կազմակերպվել են բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: