Մուսոնային անձրևների պատճառով հարյուրավոր մարդիկ են մահացել Ասիայում

00:19 • 04.08.15

 Ասիայում հարյուրավոր մարդիկ են մահացել մուսոնային անձրևներով պայմանավորված ջրհեղեղի և սողանքների հետևանքով:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` The South China Morning Post-ին հղումով, միայն Հնդկաստանում  վերջին օրերին  ավելի քան 120 մարդ է մահացել, ևս մեկ միլիոնը ստիպված են եղել լքել իր տունը: Պակիստանում 116 մարդ է մահացել: Երկրի ԱԻՆ-ի տվյալներով` տարվա սկզբից ավելի քան 850 000 մարդ է տուժել ջրհեղեղների պատճառով:

Մյանմայում սեզոնային անձրևների հետևանքով 46 մարդ է մահացել, 200000-ից ավելին` տուժել: Որոշ շրջանների բնակիչներ ստիպված են ինքնաշեն լաստանավերով լքել տարածաշրջանը՝ փրկվելու համար: Տասնյակ մարդիկ են մահացել նաև Նեպալում և Վիետնամում:

Անձրևների սեզոնը հարավ-արևելյան Ասիայում սկսվում է ապրիլին և շարունակվում մինչև նոյեմբեր: