Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները հանդիպել են Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների հետ

10:54 • 04.08.15

Համահայկական ամառային 6-րդ խաղերի առիթով Երևան ժամանած ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամներ Վարդան Կարպետյանն ու Պաուլա Դիվանեն հանդիպել են Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանի և խմբակցության անդամ, ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի հետ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության ատենապետ  Հրաչյա Շմավոնյանը: Ողջունելով  Գլենդելի պատվիրակության անդամներին՝ Սերգեյ Մկրտչյանն ու Նաիրա Նահապետյանը նրանց համառոտ ներկայացրել են Երևանի կառավարման մոդելը, առաջնահերթություններն ու  ծրագրերը: Ներկայացվել են նաև Երևանի ավագանու կառուցվածքն ու գործունեությունը:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝  Գլենդելի  քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարպետյանն իր հերթին ներկայացրել է Գլենդելի կառավարման մոդելն ու ռազմավարությունը` նշելով, որ քաղաքային խորհուրդը բաղկացած է 5 անդամից,  որոնցից էլ ընտրվում է քաղաքապետը: Վերջինս թվարկել է նաև այն բոլոր կրթամշակութային միջոցառումները, որոնք միտված են հայապահպանության գաղափարին: Խոսելով Երևանի մասին տպավորություններից՝ Վարդան Կարպետյանը հատկանշել է, որ տպավորված է մայրաքաղաքի  կանաչապատումով և նախորդ այցերի համեմատ նկատված դրական մի շարք զարգացումներով:  Նաիրա Նահապետյանը շնորհակալություն է հայտնել Գլենդելի հայ համայնքի հանդեպ տածած ուշադրության ու իրականացվող ծրագրերի համար: Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել Երևանի և Գլենդելի փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու վերաբերյալ և նախանշել համագործակցության մի շարք ուղղություններ: Հանդիպման ավարտին Սերգեյ Մկրտչյանն ու Նաիրա Նահապետյանը հաջողություն են մաղթել Գլենդելի թիմին`համահայկական ամառային 6-րդ խաղերում: