Կալիֆորնիայի իշխանությունները հազարավոր բնակիչների խորհուրդ են տվել լքել իրենց տները՝ անտառային հրդեհների պատճառով

09:32 • 04.08.15

Լուսանկարը՝ Justin Sullivan / Getty Images-ի

 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի իշխանությունները խորհուրդ են տվել հազարավոր բնակիչների լքել իրենց տները՝ նահանգի տարածքում անտառային հրդեհների պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նման խորհրդի պատճառ է դարձել Սան Ֆրանցիսկոյից հյուսիս անտառային խոշոր հրդեհներից մեկի անակնկալ արագ տարածումը:

 

Նահանգի իշխանությունները կարծում են, որ ընդհանուր առմամբ հրդեհից և դրա հետևանքներից կարող է տուժել մինչև 13 հազար մարդ: Նրանցից մի քանիսն արդեն պարտադրված կերպով տարհանվել են, մնացածներին խորհուրդ է տրվում ինքնակամ հեռանալ տներից:

 

Կալիֆորնիայում այս ամառն ամենաերաշտայինն է եղել վերջին տարիների ընթացքում: Այդ ֆոնին նահանգում սկսվել են խոշոր անտառային հրդեհներ: