Կարևորվում են դատապարտյալներին աշխատանքի տեղավորելու հարցերը. ՀՀ ԱՆ

15:40 • 04.08.15

Պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի շրջանակում օգոստոսի 3-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Շենգավիթ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Նարինե Մարտիրոսյանը հանդիպել է ԱՊԿԲ Շենգավիթ բաժանմունքում հաշվառված թվով տասը դատապարտյալների հետ. տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության                         տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ ՔԿՎ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքի նախաձեռնությամբ:


Նարինե Մարտիրոսյանը դատապարտյալներին ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, իրականացվող պետական ծրագրերը, կենտրոնում հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, առկա թափուր աշխատատեղերի նկարագիրը, ինչպես նաև ներկաներին է տրամադրել տեղեկատվական բուկլետներ:


ԱՊԿԲ Շենգավիթ բաժանմունքի պետ Վարդան Կոստանյանը Կենտրոնի տնօրենին է ներկայացրել դատապարտյալների խնդիրները, մասնավորապես անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայությունից նոր վերադարձած երկու դատապարտյալներին: Վերջիններին առաջարկվել է մասնակցել ուսումնական դասընթացների ՝ հետագայում աշխատանքի տեղավորվելու նպատակով:


Ամփոփելով հանդիպումը ՝ ԱՊԿԲ բաժնի պետի տեղակալ Էդգար Ավագյանը կարևորել է երկու կառույցների հետագա համագործակցությունը ՝ դատապարտյալների զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու և աշխատանքի տեղավորելու համատեքստում: