Սաուդյան Արաբիայի թագավորն անսպասելիորեն լքել է Ֆրանսիան՝ ընդհատելով հանգիստը

12:51 • 04.08.15

Լուսանկարը՝ express.co.uk-ի


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդն անսպասելիորեն լքել է ֆրանսիական Ռիվյերայում գտնվող Chateau de l’Horizon առանձնատունը՝ ընդհատելով իր 3-շաբաթյա հանգիստը, որը սկսվել էր նախորդ երեքշաբթի։

 

79-ամյա միապետը մեկնել է Մարոկկո՝ իր 1000 հոգանոց շքախմբի գրեթե կեսին տանելով, գրում է segodnya.ua-ն։

 

Տեղական ԶԼՄ-ներն այժմ գուշակում են՝ ինչը դուր չի եկել միապետին։ Տարբերակներից մեկն այն է, որ նա ենթարկվել է բնակիչների բողոքներին, ովքեր ավելի քան 150.000 ստորագրություն են հավաքել՝ պահանջելով բացել հանրային լողափը, որը 3 շաբաթով փակվել էր թագավորի հարմարավետ հանգստի համար։ Բողոքել էին նաև կին ոստիկանները, որոնց, թագավորի խնդրանքով, այդ օրերին հանել էին հերթապահությունից։

 

Իհարկե, կա նաև տարբերակ, որ ֆրանսիացիների բողոքին միապետն ուշադրություն չի դարձրել, այլ Մարոկկո է մեկնել, քանի որ դա իր հանգստի ծրագրի մի մասն է։