Մուրոմի բնակչուհուն 250.000 ռուբլի կվճարեն՝ սխալ ախտորոշման և վիրահատության համար

13:10 • 04.08.15

Լուսանկարը՝ ntv.ru-ի

 

 

Մուրոմ քաղաքի (ՌԴ) բնակչուհին շահել է քաղաքային թիվ 1 հիվանդանոցի դեմ դատը, որտեղ նրան սխալ ախտորոշում էին նշանակել, որի հիման վրա էլ կրծքի հեռացման վիրահատություն էին իրականացրել, գրում է ntv.ru-ն։

 

Մուրոմի քաղաքային հիվանդանոց բնակչուհին դիմել էր դեռ 2013-ին՝ բողոքելով կրծքագեղձի շրջանում ցավերից։ Նրա մոտ ախտորոշել էին բարորակ ուռուցք և հեռացրել էին կուրծքը։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կնոջ առողջական վիճակը վատացել է, որից հետո նա կրկին հետազոտվել է մեկ այլ բուժհաստատությունում։

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ վիրահատման համար հիմք հանդիսացած ախտորոշումը սխալ է եղել։ Նման եզրահանգման են եկել նաև Վլադիմիրի շրջանի առողջապահության վարչության մասնագետները։

 

Դատարանը տուգանել է բուժհաստատությանը 125.000 ռուբլիով և պարտավորեցրել է հիվանդանոցին կնոջը վճարել 250.000 ռուբլի՝ որպես փոխհատուցում։