Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում ծայրահեղականների ձերբակալելու գործողություն է սկսել. ԶԼՄ-ներ

11:39 • 04.08.15

Թուրքական ոստիկանությունն այսօր Ստամբուլի Գազիօսմանփաշա թաղամասում ծայրահեղական կազմակերպությունների անդամների ձերբակալության գործողություն է սկսել, գրում է ТАСС-ը։

 

CNN Türk -ի հաղորդմամբ՝ վաղ առավոտյան թաղամաս է մտել ոստիկանական և հատուկ նշանակության ջոկատի մեքենաների շարասյունը:

 

Քաղաքի օդային տարածքում ուղղաթիռներ են թռչում: Ձերբակալվածների թվի մասին դեռ չի հաղորդվում:

 

Վերջին շաբաթների ընթացքում երկրի 39 շրջաններում նման հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 1,3 հազար անդամ:

 

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների հարձակումների պատճառով Թուրքիայի երկու արևելյան շրջաններում մի շարք տարածքներ հայտարարվել են անվտանգության հատուկ գոտիներ: Հատուկ ռեժիմը գործելու է 15 օր: