Ուռեկիում հանգստացողները շղթա են կազմել՝ փրկարարներին օգնելու համար. ականատեսներ (տեսանյութ)
Վրաստանի Ուռեկի հանգստավայրում երեկ փրկարարներին հաջողվել է 13-ամյա աղջկա փրկել, սակայն հետո հենց փրկարարներին է օգնություն պահանջվել։ Ականատեսները պատմում են, որ 13-ամյա աղջկան քամին տարել է դեպի բաց ծով։ Փրկարարներն անմիջապես օգնության են հասել, նրան դուրս բերել ափ, սակայն հետո իրենք չեն կարողացել դուրս գալ, գրում է apsny.ge-ն։
«Սկզբում փրկարարները 2-ն էին։ Նրանց օգնության հասան այլ փրկարարներ, ովքեր նույնպես չկարողացան դուրս գալ ջրից՝ բարձր ալիքների պատճառով։ Լողափին հանգստացողներն անմիջապես շղթա կազմեցին՝ միմյանց ձեռք բռնելով։ Այդ կերպ նրանք կարողացան 15 փրկարարի փրկել»,- պատմել են ականատեսները։
Մի քանի փրկարարների բժշկական օգնություն է պահանջվել։ Նրանք ուժասպառ պառկել են ափին։
Արտակարգ իրավիճակների վարչությունում հերքում են, որ փրկարարներին պահանջվել է երիտասարդների օգնությունը։ Ուռեկիի վարչակազմի ներկայացուցիչ Դավիդ Ռոբակիձեն նշել է, որ երեկ փրկարարներն իսկապես օգնել են 13-ամյա դեռահասի, սակայն տեղեկությունն այն մասին, որ կենդանի շղթա է կազմվել փրկարարներին օգնելու համար, նա հերքել է։
«Մամուլում սխալ են լուսաբանել տեղեկությունը։ Նրանք գրել են, որ փրկարարները խեղդվել են, և օգնություն է պահանջվել։ Դա սուտ է, այդպես չի եղել։ Քանի որ ուժեղ հոսանք է եղել, փրկարարական պարանի երկարությունը բավական չի եղել դեռահասին հասնելու համար, անհրաժեշտ է եղել կեդանի շղթա կազմել՝ պարանը երկարացնելու համար»,- ասել է Ռոբակիձեն։
Հիշեցնենք, որ երեկ Աջարիայի ամբողջ տարածքում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում։ Լողափերին բարձրացվել են կարմիր դրոշակներ, որոնք արգելում են լողալը։










