Նավթի գները հնարավոր է ընկնեն, իսկ դոլարը թանկանա. տնտեսագետ
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով փոխարժեքի տատանումներին, կանխատեսեց, որ առաջիկայում դոլարը թանկանալու է: Նա նավթի գների նվազման վերաբերյալ ասաց, որ համաշխարհային տնտեսության մեջ նավթային ռեսուրսներից դոլարային մուտքերը նվազելու են:
«Կարևոր գործոն է Իրանի մուտքը համաշխարհային նավթային շուկա, ինչը ոլորտում կարող է առաջացնել շոկ և հանգեցնել նավթային գների անկման և դոլարի բարձրացման»,- ասաց նա:
Անդրադառնալով եվրոյին՝ նա ասաց, որ այն դոլարի համեմատ ավելի կայուն վիճակում է, թեև Հունաստանի տնտեսության վատացման պարագայում ներդրողները նախընտրում են վաճառել եվրո և գնել դոլար:
Հայաստանի վերաբերյալ տնտեսագետն ասաց, որ ԿԲ-ն ունի համապատասխան քանակությամբ պահուստներ: Նա Հայաստանի տնտեսության համար կարևորեց նաև Ռուսաստանի գործոնը: «Եթե Ռուսաստանում ռուբլին տասը տոկոսով արժեզրկվում է, ապա հինգ տոկոսը պետք է դա զգա Հայաստանը»,- ասաց նա և նշեց, որ հիմա դա չենք զգում, որովհետև մի կողմից տուրիստական շրջան է, մյուս կողմից գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացն է և ըստ նրա՝ Կենտրոնական բանկն էլ որոշակի միջամտություններ է իրականացնում: «Ռուսական ռուբլու արժեզրկումը ձեռնտու չէ մեր արտահանողներին»,- ասաց նա և կանխատեսեց, որ սեպտեմբեր ամսից կունենանք Ռուսաստանի տնտեսությունից որոշակի ճնշում:
Այսպիսով՝ Վիլեն Խաչատրյանն ասաց, որ թեև ռուսական ռուբլին իր դիրքերը կայունացրել է, սակայն ճիշտ չի համարում ռուսական ռուբլով խնայողությունները պահելը: Նա ասաց, որ բրիտանական ֆունտը, դոլարը թանկանալու են:










