Բրազիլիայում ռադիոհաղորդավարին սպանել են ուղիղ եթերի ժամանակ
Բրազիլական Կամոսիմ շրջանում հինգշաբթի օրը երկու անհայտ անձինք ներխուժել են Radio Liberdade FM ռադիոկայանի ստուդիա և գնդակահարել ռադիոհաղորդավար Գլեյդսոն Կարվալյուին, երբ նա ուղիղ եթերում հաղորդում է վարելիս եղել, գրում է ТАСС-ը:
Ինչպես հայտնել են բրազիլական ոստիկանության ներկայացուցիչները, հանցագործներն այնուհետ առանց խոչընդոտի անհետացել են դեպքի վայրից: Ստացած հրազենային վնասվածքներից լրագրողը մահացել է:
Ոստիկանությունը դեռ չի ներկայացրել Կարվալյուի սպանության նախնական վարկածներ, սակայն տեղի հասարակության ներկայացուցիչները նշել են, որ սպանությունը հավանաբար կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ: Իր հաղորդումներում նա հաճախ է հանդես եկել քաղաքական շրջանակներում կոռուպցիային վերաբերող նյութերով: Այդ կապակցությամբ նա բազմիցս սպառնալիքներ է ստացել:










