Lufthansa-ն չեղյալ է հայտարարում դեպի Ռուսաստան չվերթների մի մասը
Գերմանական Lufthansa խոշոր ավիաընկերությունը կրճատում է դեպի Ռուսաստան չվերթների քանակը, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Այդ մասին հայտնի է դարձել ուրբաթ օրը՝ օգոստոսի 7-ին:
Մասնավորապես, սեպտեմբերի սկզբից չեղյալ կհայտարարվեն դեպի Սամարա և Նիժնի Նովգորոդ չվերթները: Այժմ Գերմանիայից այդ քաղաքներ չվերթներն իրականացվում են շաբաթը չորս անգամ: Կոնցեռնում չվերթների չեղարկումը բացատրել են «պահպանվող ծանր տնտեսական և քաղաքական իրավիճակով»: Այդկերպ ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի միայն Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ:
Բացի այդ, օգոստոսի վերջին կոնցեռնը, որի մեջ են մտնում նաև Germanwings, Austrian Airlines, Swiss և Brussels Airlines ավիաընկերությունները, դադարեցնում է թռիչքները «Վնուկովո» օդանավակայան: Բոլոր չվերթները կթռչեն միայն «Դոմոդեդովո»:
Ինչպես DW-ին բացատրել են ընկերությունում, ձմեռային ժամանակացույցում Մոսկվայի օդանավակայանից նախատեսվում է վեց ամենօրյա չվերթ դեպի Գերմանիա, շաբաթական 14 չվերթ դեպի Վիեննա, ինչպես նաև օրական երկու չվերթ դեպի Ցյուրիխ և մեկ ամենօրյա չվերթ դեպի Ժնև:










