Սաուդյան Արաբիայում մի խումբ տղամարդիկ ծաղրուծանակի են ենթարկում իրենց «գայթակղած» կանանց (տեսանյութ)
YouTube-ում տեղադրված տեսանյութը ցույց է տալիս պահը, երբ Սաուդյան Արաբիայում մի խումբ տղամարդիկ ծաղրուծանակի են ենթարկում զբոսանքի դուրս եկած երկու կանանց, գրում է The Daily Mail-ը:
Մեկ րոպե տևողությամբ տեսանյութում ավանդական բուրքաներ հագած երիտասարդ կանայք հետապնդման և ահաբեկման են ենթարկվում Ջիդա քաղաքի բնակիչների խմբի կողմից:
Տեսանյութը տարածում է գտել երկրում և հասարակության վրդովմունքն առաջացրել, ինչից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Նշվում է, որ վեց տղամարդ բերման է ենթարկվել և հարցաքննության ենթարկվել:
Զարմանալի է այն, որ դրանից հետո կանայք են մեղադրվում իրենց «անպարկեշտությամբ» տղամարդկանց արձագանքը հրահրելու համար, գրում է լրատվամիջոցը։
Որպես այս տարօրինակ մեղադրանքի համար հիմք՝ իշխանություններին մոտ գտնվող լրատվամիջոցները սկսել են դեպքի վայրից մեկ այլ տեսանյութ տարածել:
Երկրորդ տեսանյութը ցույց է տալիս նույն կանանց կվադրոցիկլ վարելիս, ինչի ընթացքում նրանցից մեկը «գայթակղիչ» շարժում է անում տղամարդկանց ուղղությամբ:
Դատական խորհրդական Եհիա ալ-Սահրանին Sabq լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ անարդար կլինի հետաքննություն իրականացնել կամ դատարանի առջև կանգնեցնել տղամարդկանց՝ «առանց արժանի միջոցներ ձեռնարկելու նրանց գայթակղածների նկատմամբ»:










