Չուտել կրեմային հրուշակեղեն, տեղում պատրաստվող լցնովի պաղպաղակ. ԱՆ-ի թունավորումներից խուսափելու խորհուրդները

10:34 • 08.08.15

Ամառվա այս շոգ ամիսների սննդային թունավորումներից, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից  խուսափելու համար  Առողջապահության նախարարությունը  կրկին հորդորում  է


• խուսափել կրեմային հրուշակեղեն, խառը՝ ոչ ճիշտ պահպանված աղցաններ օգտագործելուց,


• սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, պահպանել սննդամթերքը  պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,


• ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,


• չգնել  արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

• չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ,  ըմպելիքներ և հյութեր,


• հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց  և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,

• սննդամթերքը պահել փակ տարողություններում և պատշաճ ջերմային պայմաններում,


• առանձնացնել հում սննդամթերքը  եփածից, լավ եփել կամ տապակել սնունդը,


• Արգելե´լ երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ վերջինները նախատեսված չեն լողի համար, չունեն համապատասխան կառուցվածք՝ ջուրը մաքրելու համար: Լող չկազմակերպե´լ նաև գետերի, լճակների աղտոտված ափերով և ջրով (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է) հատվածներում:
Միաժամանակ, հաշվի առնելով  հանրապետությունում շոգ եղանակային պայմանները, օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման  բացասական  ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու համար անհրաժեշտ է՝


• խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,


• հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ,  արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ և/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,


• անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,


• ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով  տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին  քնեն  կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,

• օգտագործել սովորականից շատ հեղուկ /մոտավորապես 3 լիտր օրական/ (Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո),


• չչարաշահե´լ կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,
• արգելվո´ւմ է գտնվել չօդափոխվող  կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար  ժամանակ մնալ  արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել  փակ պատուհաններով ավտոմեքենաներում,


• պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,

• այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել  ջերմաստիճանին համապատասխան:


Հիշեցնենք, որ երեկ  ևս արձանագրվել էր ամառային ճամբարից երեխաների զանգվածային թունավորման դեպք,. և պարզվել էր, որ պատճառը տանից բերված սննդամթերքի ոչ պատշաճ պահպանումն ու օգտագործումն է եղել: