Ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի վրա կրակել են երկու ատրճանակից. Коммерсантъ
ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է ենթադրաբար երկու տարբեր ատրճանակից արված կրակոցներից: Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով այդ գործով անցկացված համալիր բժշկական փորձաքննության արդյունքները։
Լրատվամիջոցի տվյալներով՝ երեք կրակոց Նեմցովը կարող էր ստանալ խլացուցիչով ատրճանակից, իսկ մնացածները՝ խլացուցիչով չզինված ատրճանակից: Բացի այդ, փորձագետները ենթադրել են, որ ստացած վնասվածքների միջև տարբերությունները կարող են կապված լինել տարբեր ուժգնության փամփուշտների օգտագործումից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նեմցովի սպանության գործով Քննչական կոմիտեի նշանակած փորձաքննությունները ցույց են տվել, որ քաղաքական գործչի վրա ձախլիկ է կրակել: Այդ մասին տեղեկացել էր «Росбалт»-ը՝ իրավապահ մարմիններում իր աղբյուրին հղումով:
Փորձաքննություններն անցկացրած մասնագետները եկել են եզրակացության, որ հանցագործը կրակել է՝ ատրճանակը պահելով ձախ ձեռքում:
Ձախլիկ է գործով անցնող հիմնական կասկածյալը՝ Չեչնիայի ներքին գործերի նախարարության «Սևեր» գումարտակի նախկին մարտիկ Զաուր Դադաևը, ով սկզբում խոստովանել է, որ հանցագործությունն ինքն է կատարել, բայց ավելի ուշ հրաժարվել է ցուցմունքներից։
Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում փետրվարի 27-ին: Նրա վրա կրակել են չորս անգամ։










