Ահարոնին սիրել եմ իր «արկածային» լինելու համար.Արարատի գագաթին ամուսնության առաջարկ ստացած Պերճուհի

11:28 • 08.08.15

Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող Պերճուհի Կաժոյանը ում սիրեցյալը` Ահարոն Քամմինգսն անակնկալ  ամուսնության առաջարկ էր արել միասին Արարատի գագաթը հաղթահարելուց հետո, սովոր է Ահարոնի  մշտական  անակնկալներին ու նրան սիրում է հենց այդ արտասովորության ու «արկածային» լինելու   համար:


Պերճուհին, որ երեկ Ահարոնի հետ վերադարձավ Թուրքիայից, Tert.am-ի հետ զրույցում պատմեց.« Ծննդյան օրս էլ դարձրեց անակնկալ: Ծնունդս ապրիլին էր, պետք է գնայինք կինո, հետո` ռեստորան: Մենք երկուսով պետք է լինեինք,  իսկ   հաջորդ օրն էլ ծնողներիս հետ նշեինք: Գնացինք, ամեն ինչ շատ լավ էր, հետո ասաց` «Արի գնանք իմ տուն նվերս տամ»: Մտանք տուն, շունիկներ ունի, սիրում էի, մեկ էլ ասաց` «Աչքերդ փակի ու մտի սենյակ, նվերդ կտեսնես»: Աչքերս փակեցի, մտա մի քանի քայլ արեցի, մեկ էլ գոռոցներով շնորհավորանքներ եմ լսում  ու աչքերս  բացում եմ, տեսնում եմ, որ այստեղ են հավաքված բոլոր այն մարդիկ, ում  այս կյանքում ամենաշատն եմ սիրում»:


Հիշեցնենք, որ այս տարվա մարտից զույգն սկսել է մարզվել՝ բարձրանալով  Հայաստանի տարբեր լեռներ: Եվ վերջապես օգոստոսի 2-ին լեռան ստորոտից ճանապարհ են ընկել և օգոստոսի 5-ին հասել են գագաթ:


«Միշտ երազել եմ, ինչպես ցանկացած հայ, բարձրանալ Արարատ, բայց, իհարկե, չէի մտածում, որ այնտեղ նման էքստրա բան է լինելու… դե քննարկել էինք, որ կնշանվենք, կամուսնանանք, այդ ամեն ինչը որոշել էինք, բայց կոնկրետ` երբ, ոնց, չէինք քննարկել ու մտքովս չէր անցել, որ առաջարկը հենց Արարատում կլինի»,- մանրամասնեց Պերճուհի Կաժոյանը ու ավելացրեց.«Երբ հասանք գագաթին, ահավոր դժվար էր վերջին մասը ու զգացմունքներս առանց այն էլ խառնվել էին իրար`հասել եմ Մասիս, երազանք է կատարվել, մեկ էլ տեսնում եմ` մոտեցել է ինձ, աչքերիս մեջ է  նայում, ու ինչ-որ բառեր շշնջում, մինչևս հասկացա ինչ է կատարվում, ծնկի իջավ… ինչևէ շատ անսպասելի ու շատ հուզիչ էր»:


Նա նաև խորհրդանշանական  է համարում  Ահարոնի հետ  իր համատեղ կյանքը Արարատի գագաթից սկսելը: