Adidas-ը 220 մլն եվրոյով ձեռք է բերել Runtastic ընկերությունը
Սպորտային հագուստ և սարքավորումներ արտադրող Adidas Group-ը հայտարարել է, որ 220 մլն եվրոյով ձեռք է բերել Runtastic ավստրիական ընկերությունը, որը հիմնադրվել է 2009-ին և զբաղվում է ֆիթնես սարքավորումների ծրագրային ապահովման մշակմամբ, գրում է 3dnews.ru-ն։
Runtastic ընկերության կողմից մշակված ծրագրերը կարողանում են հաշվառել ֆիզիկական ակտիվության մասին տարատեսակ տեղեկություններ, ինչպես օրինակ՝ օգտատիրոջ անցած հեռավորությունը, մարզման ժամանակը, այրված կալորիաները, սրտի զարկերը և այլն։
Ֆիթնես սարքերը մեծ պահանջարկ են վայելում ֆիզիկական ակտիվություն ցուցաբերողների, մասնավորապես՝ վազորդների և հեծանվորդների շրջանում։ Մարզիկների հենց այդ խումբն էլ չափազանց կարևոր է Adidas-ի համար։
Ներկա դրությամբ Runtastic ընկերության մշակած 20-ից ավելի հավելվածները ներբեռնել են ավելի քան 140 մլն անգամ։ Ընկերության թողարկած հավելվածներն աշխատում են գրեթե բոլոր օպերացիոն համակարգերով (iOS, Android, Windows Phone և BlackBerry):











