Շվեյցարիայի փոստը 50 տարի ուշացումով է առաքել ամանորյա բացիկը (լուսանկար)
Շվեյցարիայի փոստը բացառիկ ռեկորդ է սահմանել, երբ հասցեատիրոջն առաքել է 50 տարի առաջ՝ 1965-ի դեկտեմբերի 15-ին ուղարկված ամանորյա և սուրբծննդյան շնորհավորական բացիկը, գրում է vesti.ru-ն։
Իլգաու քաղաքում ուշացած բացիկն ստացել է իրական հասցեատիրոջ որդին, քանի որ հասցեատերն արդեն մահացել է։
Փոստարկղում եղել է նաև հավելավճարների մասին հաշիվ, քանի որ կես դար անց փոստային ծառայությունների սակագներն աճել են։ Բացիկի վրա փակցված է եղել 10 ցենտանոց նամականիշ, որն այժմ արժե 1 ֆրանկ։
Փոստային ծառայությունն առաքման ուշացումը բացատրել են նրանով, որ հնարավոր է՝ բացիկն ընկած լինի դարակներից մեկի ետևում և միայն նոր գտնված լինի։
Նրանք պահանջել են հասցեատիրոջ որդուց հավելավճար կատարել, որին նա պատասխանել է, որ կսպասի 50 տարի։











