Կանադայի վարչապետը խոստացել է 10000 փախստականի ընդունել ընտրություններում հաղթելու դեպքում

22:53 • 10.08.15

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը երկուշաբթի հայտարարել է, որ իր երկիրը առաջիկա 4 տարում ևս 10 000 փախստականի կընդունի Սիրիայից և Իրաքից, եթե պահպանողական կառավարությունը վերընտրվի հոկտեմբերին:  

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` կանադական ԶԼՄ-ներին հղումով, վարչապետի խոսքով` ներկա պահին Կանադան արդեն ընդունել է 20 000 իրաքցի և 2500  սիրիացի փախստականի:

Միևնույն ժամանակ, Հարփերի խոսքով, այդ հումանիտար ճգնաժամը չի կարող լուծվել ապաստան տրամադրելով:

«Մենք պետք է կանգնեցնենք «Իսլամական պետությանը»», - ընդգծել է վարչապետը:

Կանադան ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի  անդամ է, որը ավիահարվածներ է հասցնում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Սիրիայում և Իրաքում:

Խորհրդարանական ընտրությունները Կանադայում նշանակված են հոկտեմբերի 19-ին: