Ալբանիայում նախկին խորհրդային ռազմաբազան վերածել են տեսարժան վայրի

15:11 • 10.08.15

Ալբանիայում զբոսաշրջիկների համար բացել են Ադրիատիկ ծովում գտնվող Սազան կղզում տեղակայված ռազմաբազան, որը 1950-ական թվականներին եղել է խորհրդային զորքերի ղեկավարության տակ, գրում է lenta.ru-ն:

 

Մոտ ժամանակներս ճանապարհորդներին հասանելի կլինեն բունկերներն ու բազմակիլոմետրանոց թունելները, ինչպես նաև ստորգետնյա կառույցները, ներառյալ՝ կինոթատրոնը, դպրոցը և հիվանդանոցը:

 

Տեղի իշխանությունների ներկայացուցիչ Աուրոն Տարեն հայտարարել է, որ Սազանի ռազմաբազան շարունակում է գործել՝ չնայած նրան, որ դրանից տեսարժան վայր են դարձրել: Նրա խոսքով՝ տարածքում զբոսաշրջիկների համար նախատեսվում է թանգարան և գիտական կենտրոն կառուցել:

 

«Կղզում զբոսաշրջիկները կկարողանան իմանալ կոմունիստական Ալբանիայի գաղտնիքները և ծանոթանալ հարուստ պատմամշակութային ժառանգությանը»,- նշել է նա։

 

Վերջին ժամանակներս ռազմաբազայում փոքր զորակազմ է տեղակայված, որը բաղկացած է ալբանացի և իտալացի զինվորականներից: