Ադրբեջանում ծեծի հետևանքով մահացած լրագրողի գործով կասկածյալներ են ձերբակալվել

16:38 • 10.08.15

Ադրբեջանի ոստիկանությունը մի քանի մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են լրագրողին ծեծելով սպանելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

 

Հիշեցնենք, որ լրագրող Ռասիմ Ալիևը սոցցանցում գրառում էր հրապարակել, որում քննադատել էր ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովին: Դրանից հետո լրագրողին ծեծի են ենթարկել, որից հետո ստացված վնասվածքներից վերջինս մահացել է հիվանդանոցում։

 

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Բաքվի ոստիկանությունում աղբյուրներին, հայտնել են, որ ձերբակալված կասկածյալներից մեկն Էլզան Իսմայիլովն է, ով «Գաբալա» ֆուտբոլային ակումբի հայտնի խաղացող Ջավիդ Հուսեյնովի եղբայրն է:

 

30-ամյա լրագրող Ռասիմ Ալիևը հիվանդանոցում պատմել էր, որ իր վրա հարձակվել են Հուսեյնովի աջակիցները՝ Facebook-ում մարզիկի հասցեին քննադատական խոսքերի համար:

 

«Գաբալա» ֆուտբոլային ակումբն օգոստոսի 10-ին հայտնել է, որ Հուսեյնովը ժամանակավորապես հեռացվել է մինչ հետաքննության ավարտը:

 

Հուսեյնովը հայտարարություն է արել օգոստոսի 9-ին՝ ժխտելով հարձակման մեջ իր ներգրավվածությունը: