«Բազե-2015»-ին կմասնակցեն նաև Հայաստանի ամերիկյան համալսարանն ու Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտը
«Բազե-2015» ամենամյա երիտասարդական հավաքին այս տարի առաջին անգամ կմասնակցեն նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի և Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ջոկատները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բազե» երիտասարդական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը:
Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից անցկացվելիք «Բազե-2015»-ն արդեն 13-րդ հավաքն է:
«Բազե»-ի նորաձևության մասն ապահովող` «Բազե» նորաձևության մրցույթի ժյուրիի անդամ, ոճաբան Արամ Նիկոլյանը, պատասխանելով հարցին, թե ըստ որոշ մեկնաբանությունների, ամեն տարի «Բազե»-ում նույն մարդիկ են հավաքվում, տեղեկացրեց.«Եթե նույն մարդիկ լինեին, ասեմ, որ այդքան սիրավեպեր չէին լինի, որովհետև «Բազեն» բազմաթիվ ամուսնությունների առիթ եղել»:
Հավաքի գեղարվեստական ղեկավարներից Արմուշը՝ դերասան Արման Խաչատրյանը նկատեց, որ բոլոր տարիներին մշտապես այստեղ հանդիպել է տաղանդավոր երիտասարդների: Նա նաև ասաց, որ սա նաև իր երիտասարդ մնալու գաղտնիքն է, քանի որ ինքն արդեն մոտենում է 40-ամյա տարիքին, բայց իր ընկերները 25–ամյա երիտասարդներ են։
Ինչպես նրան լրացրեց Արուսյակ Պողոսյանը, «Բազե» համահայկական հավաքին մասնակցում են ոչ միայն Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ, այլ բազմաթիվ երիտասարդներ «Բարգավաճ Հայաստանից», ՕԵԿ-ից ու Դաշնակցությունից: Իսկ մասնակցել «Բազեի»-ին չեն կարող 18-ից ցածր, և 30 բարձր տարիք ունեցող անձինք:
Նշենք, որ «Բազեն» առաջին անգամ անցկացվել է 2002-ին, և ինչպես նշվեց հավաքի կազմակերպիչների կողմից, մշտապես նոր տարրեր են մտցնում հավաքի օրակարգում: Անցած 13 տարիներին «Բազե»-ներին մասնակցել է շուրջ 8500 երիտասարդ:
«Բազե» հավաքը կազմված է հայկական եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, որոնք իրենք էլ բաժանվում են 9 հոգանոց 45 ջոկատների, որոնք ներկայացնում են Երևանը, մարզերը, Արցախը, սփյուռքը, ուսումնական հաստատությունները, լրագրողական համայնքը:
Բազեական 7 օրերի ընթացքում համախմբվելու են 500 երիտասարդ, ովքեր մրցելու են մշակութային, մարզական, ինտելեկտուալ խաղերում, ունենալու են հանդիպումներ հասարակական , քաղաքական մշակութային գործիչների հետ:










