Մալդիվները միացել է անհետացած Boeing-ի բեկորների որոնման գործողությանը

09:47 • 10.08.15

Մալդիվները միացել է Հնդկական օվկիանոսում անհետ կորած Malaysian Airlines ավիաընկերության MH370 չվերթն իրականացնող Boeing օդանավի բեկորների որոնման գործողությանը, գրում է РИА Новости-ն:

 

Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տեղի բնակիչները հայտնել են արշիպելագի հյուսիսային ափերին գտնված կասկածելի իրերի մասին: Դրանցից մի քանիսն ափ են դուրս բերվել մոտ մեկ ամիս առաջ:

 

«Ռեյունիոն կղզում հայտնաբերված իրերից հետո հարկավոր է նոր ուշադրություն դարձնել այդ օբյեկտներին»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:

 

Ինչպես հայտարարել է Մալդիվների Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Մոհամեդ Շարիֆը, տեղի իշխանությունները սերտորեն համագործակցում են մալայզիական ավիացիոն գերատեսչությունների հետ:

 

«Մենք հավաքում ենք բոլոր անհայտ բեկորները և դրանք դնում պահեստում, որպեսզի մալայզիացիները թեստեր անցկացնեն և կարողանան որոշել՝ արդյո՞ք դրանք պատկանում են իրենց ինքնաթիռին, թե ոչ: Մենք ինքներս ոչ մի հետազոտություն չենք անցկացնում, մենք նրանց ուղարկել ենք մեր գտած իրերի լուսանկարները և պատասխանի ենք սպասում»,- հայտարարել է Շարիֆը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մալայզիան ինքնաթիռի որոնման հարցում օգնության համար դիմել է Մալդիվներին, Մադագասկարին և Մավրիկիոսի Հանրապետությանը՝ երեք պետությունների, որոնք գտնվում են Ռեյունիոն կղզու մոտակայքում, որտեղ հայտնաբրվել է ինքնաթիռի բեկորը:

 

Նշենք, որ օդանավն անհետացել է 2014-ի մարտին։