Ստամբուլում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյունի հետևանքով 7 մարդ է վիրավորվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ է վիրավորվել, հայտնում է gazeta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Սուլթանբեյլի շրջանում։
Hurriyet թերթի տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ ոստիկան և երկու խաղաղ բնակիչ: Պայթյունի հետևանքով այրվել է մեքենա, որը եղել է ոստիկանական բաժանմունքի անմիջական հարևանությամբ, բացի այդ, ավելի քան 20 ավտոմեքենա է վնասվել:
Նշվում է, որ այրվող շենքի մոտ են ժամանել մի քանի հրշեջ և շտապօգնության մեքենաներ։
Իրավապահ մարմինների աշխատակիցները շրջափակել են դեպքի վայրը: Ոստիկանությունը որոնում է հանցագործներին: Ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:










