Տեխասում 8 անդամից բաղկացած ընտանիք է սպանվել
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մի տղամարդ ներխուժել է տներից մեկը, սպանել ընտանիքի անդամներին, ապա կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ:
Կես ժամ տևած բանակցություններից հետո հանցագործը հանձնվել է, իսկ տուն մտած ոստիկանները հայտնաբերել են 2 չափահասների և 6 երեխաների դիեր: Նրանց բոլորի ձեռքերին ձեռնաշղթաներ են եղել, և նրանց ուղղությամբ կրակ է բացվել մի քանի անգամ:
Ձերբակալված Դևիդ Քոնլիին մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով:
Սպանվածները 50-ամյա Դևեյն Ջեքսոնը, նրա կինը՝ 40-ամյա Վալերի Ջեքսոնը, և նրանց 6 երեխաներն են՝ 6-ից 13 տարեկան:
Երեխաներից մեկը՝ 13-ամյա Նաթանիելը, Քոնլիի կենսաբանական որդին է: Հանցագործը նախկինում կապ է ունեցել Վալերի Ջեքսոնի հետ:
Ոստիկանությունում ենթադրում են, որ սպանության պատճառը եղել է Քոնլիի և Վալերի Ջեքսոնի վեճը:










