Գավառի և Գյումրի մանկատների 19 երեխա ներկա կլինի Բարսելոնա-Սևիլիա հանդիպմանը Թբիլիսիում

17:12 • 10.08.15

ՈՒԵՖԱ-ի «Խաղաղության աղավնիներ» ծրագրի շրջանակներում oգոստոսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան և Գավառի մանկատների 19 երեխաներ մեկնել են Թբիլիսի՝ ներկա գտնվելու օգոստոսի 11-ին տեղի ունենալիք ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Բարսելոնա»-«Սևիլիա» հանդիպմանը:


ՀՖՖ տեխնիկական կենտրոնից՝ ֆուտբոլի ակադեմիայից, որտեղ և նախապես ժամանել էին երեխաները, նրանք Թբիլիսի ուղևորվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ուղեկցող ներկայացուցիչների հետ՝ հատուկ այդ նպատակով հատկացված ավտոբուսով՝ միմյանց և ուղեկիցների հետ լուսանկարվելուց և ծանոթանալուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:


Հանդիպմանը մասնակցելու համար Թբիլիսի են հրավիրվել նաև անապահով ընտանիքներից և մանկատներից 9-ից 12 տարեկան երեխաններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից և Մոլդովայից:


Երեխաները կտեղակայվեն տեղացի երեխաների հետ Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտի սեկտորներից մեկում: Երեխաներին կտրամադրվեն նաև շապիկներ «Ֆուտբոլ քաղաքականությունից դուրս» մակագրությամբ:
 

Ծրագրվում է նաև երեխաների մասնակցությունը փոքր մրցաշարի: