Բրազիլացի զինվորականները չինացի գործընկերներին կսովորեցնեն կռվել ջունգլիներում
Չինաստանի զինված ուժերի ներկայացուցիչները դիմել են բրազիլացի զինվորականներին՝ խնդրելով ջունգլիներում մարտական գործողություններ իրականացնելու վարժանքներ անցկացնել, գրում է lenta.ru-ն։
Պեկինում կարծում են, որ 10 շաբաթ տևողությամբ դասընթացները կօգնեն իրենց սեփական ծրագրի զարգացմանը:
Իսկզբանե, ինչպես պատմել է ջունգլիներում մարտական գործողությունների պատրաստման ուսումնական կենտրոնի հրամանատար Ալսիմար Մարկիշ դե Արաուժո Մարտինսը, չինացի զինվորականները պատրաստվում էին վարժանքների մեկնել բրազիլական Մանաուս քաղաք, որտեղ գտնվում է կենտրոնը, սակայն ավելի ուշ փոխել են իրենց որոշումը:
«Այժմ նրանք խնդրել են իրենց տրամադրել մի շարք փորձառու մարզիչների»,- նշել է նա:
Թե ինչի համար են չինացի զինվորականներին հարկավոր եղել ջունգլիներում մարտական գործողություններ իրականացնելու հմտությունները՝ չի հստակեցվում: Դեռևս հայտնի չեն նաև մարզումների մեկնարկի ժամկետները։










