Ֆերգյուսոնում ավելի քան 100 ցուցարար է ձերբակալվել (լուսանկարներ)
Ամերիկյան Սենթ- Լյուիսի ոստիկանությունը հրաման է ստացել ցրել աֆրոամերիկացի Մայքլ Բրաունի մահվան տարելիցի կապակցությամբ անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներին, երբ ցուցարարները սկսել են իրավապահների ուղղությամբ սառը ջրով շշեր և քարեր նետել, գրում է gazeta.ru-ն:
NBC News-ի տվյալներով` ցույցերի երկրորդ օրն ավելի քան 100 ցուցարար է ձերբակալվել: Սենթ-Լյուիսի իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել:
«Անվտանգությունը՝ մեր գլխավոր խնդիրը, վտանգի տակ է: Սա արդեն խաղաղ ցույց չէ: Մասնակիցները չեն պահպանում օրենքը»,- ասված է շրջանի ոստիկանության հայտարարությունում:
Ոստիկանությունը խնդրել է քաղաքացիներին կատարել օրենքի պահանջները և նախազգուշացրել հնարավոր ձերբակալությունների մասին:
ԱՄՆ Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում կիրակի օրը սգո երթ է անցկացվել` ի հիշատակ ոստիկանի կրակոցից սպանված սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի: Ողբերգությունը տեղի է ունեցել մեկ տարի առաջ:
Երթից առաջ, որն սկսվել է տեղի ժամանակով 12:02-ին` այն պահին, երբ Մայքլ Բրաունի վրա կրակել են, մասնակիցները 4.5 րոպե լռությամբ հարգել են նրա հիշատակը՝ այնքան, որքան դեռահասի դին մնացել էր փողոցում՝ մինչև որ նրան տարել էին:
Երթը կազմակերպել է Բրաունի հայրը` Մայքլ Բրաուն- ավագը: Երթն սկսվել է սպանության վայրից և ընթացել դեպի քաղաքային եկեղեցիներից մեկը:
Հիշատակի ակցիան վերաճել է անկարգությունների և ոստիկանության հետ փոխհրաձգության, ինչի հետևանքով առնվազն մեկ ցուցարար է վիրավորվել: Ոստիկանության տվյալներով՝ վիրավորը կասկածվում է ոստիկանի վրա կրակելու համար, նա ձերբակալված է և գտնվում է հիվանդանոցում։
18-ամյա Բրաունը սպանվել է անցած տարվա օգոստոսին՝ ոստիկան Դարեն Ուիլսոնի կողմից:















