Լավրովը դեմ է արտահայտվել Ասադի հարցը ռազմական ճանապարհով լուծելուն

16:03 • 11.08.15

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե սիրիական հակամարտությանը ներգրավված երկրների հույսերը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ, կարող են հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իշխանության զավթմանը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

 

«Ես չէի ցանկանա, որ ազդեցիկ երկրներից որևէ մեկը, որոնք այսպես թե այնպես ներառվել են սիրիական ճգնաժամի հարցում, հույս ունենան, որ Բաշար ալ-Ասադի հարցը կարող է լուծվել ռազմական ճանապարհով: Նման լուծման միակ տարբերակն «Իսլամական պետության» և այլ ահաբեկիչների կողմից իշխանության զավթումն է: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա ցանկանում է»,-ասել է Լավրովը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիան շարունակում է պնդել Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար ալ-Ասադի հեռացման հարցում։