Հալեպի նահանգի հյուսիսում ԻՊ-ի անդամներն առաջխաղացում են գրանցել. Reuters

16:32 • 11.08.15

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը նոր հարձակում է իրականացրել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող սիրիացի ապստամբների վրա՝ տարածքներ գրավելով թուրք-սիրիական սահմանի մոտակայքում՝ այնտեղ, որտեղ Թուրքիան և Միացյալ Նահանգները նպատակ են դրել ջիհադական խմբից ազատ գոտի ստեղծել, հաղորդում է Reuters-ը:

 

Թուրքիայի հետ սահմանից 20 կիլոմետր հարավ գտնվող Մարեա քաղաքում և քաղաքի շրջակայքում տեղի ունեցած կռիվների ընթացքում տասնյակ մարտիկներ են զոհվել երկու կողմերից էլ: Մարեայի վրա իրականացված հարձակումից առաջ «Իսլամական պետության» գրոհայինները գրավել են մոտակայքում մինչ այդ ապստամբների հսկողության տակ գտնվող Ում Հոշ գյուղը: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը և ապստամբ հրամանատարներից մեկը:

 

Հրամանատարը հայտնել է, որ Մարեայի վրա հարձակումն ամենակատաղին է եղել այդ տարածքում վերջին ամիսների ընթացքում: «Կատաղի մարտեր են: Հյուսիսային Հալեպում իրավիճակը վատ է»,- ասել է նա:

 

Մեծ Բրիտանիայում տեղակայված սիրիական կենտրոնի տեղեկություններով՝ առնվազն 25 ապստամբ և ԻՊ-ի 8 զինյալ է սպանվել Մարեայում։

 

Անցած ամիս Միացյալ Նահանգները և Թուրքիան հայտարարել են, որ մտադիր են օդային օգնություն տրամադրել ապստամբներին և միասին հետ մղել «Իսլամական պետությանը» սահմանի մոտ գտնվող հողատարածքից: Ստեղծվելիք բուֆերային գոտին կնշանակի, որ «Իսլամական պետությունը» զրկվում է Թուրքիային կապող իր վերջին ուղուց։