Ուկրաինայի դեսպանը տպավորված է Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներով

15:37 • 12.08.15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 12-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարությունը, Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում կրթության և գիտության ոլորտում հայ-ուկրաինական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն աջակցելու համար:

 

Նախարարը գոհունակությամբ է ընդգծել, որ երկկողմ կապերի ձեռքբերումներից մեկը Երևանի թիվ  42 ավագ դպրոցում Տ. Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի հանդիսավոր բացումն էր:

 

Արմեն Աշոտյանը դեսպանին տեղեկացրել է, որ վերոնշյալ դպրոցը ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ ընդգրկվել է այն ուսումնական հաստատությունների  ցանկում, որոնք այս տարի Համաշխարհային բանկի աջակցությամբ հիմնովին կվերանորոգվեն:

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած Բոլոնիայի նախարարական գագաթաժողով ն Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի գլխավորած պատվիրակությանը` գագաթաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
 

Դեսպանն իր հերթին երախտագիտություն է հայտնել համագործակցված ու արդյունավետ աշխատանքի համար ՝շեշտելով, որ իր համար մեծ բավականություն է եղել աշխատել Հայաստանում: Իվան Կուխտայի խոսքով` Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի բացումն իրավամբ համարվում է հայ-ուկրաինական ջերմ հարաբերությունների ապացույցը:
 

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև կապերի ամրապնդման հեռանկարները և նոր հնարավորությունները միջազգային կրթական հարթակներում, մասնավորապես, Արևելյան Գործընկերության, ինչպես նաև Էրազմուս+ և Հորիզոն 2020 ծրագրերի շրջանակում:
 

Կողմերը  վստահություն են հայտնել, որ կրթության համակարգում հայ-ուկրաինական համագործակցությունը ունի զարգացման մեծ ներուժ, քանի որ երկու երկրների կրթական համակարգը գնում է միևնույն` եվրոպական կրթական ստանդարտների համապատասխանեցման ճանապարհով, ուստի երկրներից մեկի կրթական բարեփոխումների արդյունավետ փորձը կարող է օգտակար լինել մյուսի համար:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև փոխադարձ համագործակցությանը վերաբերող այլ հարցերի: