Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել

10:24 • 12.08.15

Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել: Այդ մասին հայտարարել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, գրում է gazeta.ru-ն:

 

ԵՏՄ-ին անդամակցելու հանդիսավոր արարողությունն անց է կացվել Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին գտնվող անցակետի մոտ, ինչից հետո Ղրղզստանի և ԵՏՄ երկրների միջև մաքսային սահմանափակումները հանվել են:

 

Ղրղզստանի տարածքում ուժի մեջ է մտել միասնական մաքսային սակագինը և միասնական ապրանքային նոմենկլատուրան, ինչպես նաև՝ արտադրանքի վերաբերյալ միասնական պահանջները:

 

Ռուսաստանում հանվել են ազգային աշխատաշուկայի պաշտպանության համար բոլոր սահմանափակումները և ղրղզ աշխատանքային ներգաղթյալների աշխատանքի համար անհրաժեշտ թույլտվության փաստաթղթեր ստանալու պահանջները: Ղրղզստանի քաղաքացիներն ազատվել են Ռուսաստանի տարածքում երկիր մուտք գործելու պահից մեկ ամսվա ընթացքում պաշտոնական գրանցման անհրաժեշտությունից, կրթության մասին ղրղզական փաստաթղթերը կճանաչվեն ԵՏՄ բոլոր երկրներում:

 

Независимая газета-ն գրում է, որ հատկանշական է, որ վերջին երեք տարիների ընթացքում հենց ղազախ պաշտոնյաները և փորձագետներն են առավել հաճախ դեմ եղել ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալուն: НГ-ի տվյալներով՝ Աստանայի դժգոհությունն առաջացրել է այն, որ ԵՏՄ Ղրղզստանին ընդունելու մասին որոշումը կայացվել է Մոսկվայում՝ Նուրսուլթան Նազարբաևի «գլխից թռնելով»: Եվ դա այն դեպքում, երբ հենց Ղազախստանը պոտենցիալ առումով կարող է ԵՏՄ մյուս անդամներից առավել շատ կորցնել միությունում Ղրղզստանի անդամակցությունից: